Հեղինակային կրթական ծրագրերի նախագծային շաբաթը կրթահամալիրում մեկնարկեց տոնական ընդհանուր պարապմունք-կրթական շքերթով, ապա «Հարթակ» ակումբում կայացավ մամլո ասուլիս կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանի և «Գետը համայնքում» նախագծի համակարգող Քնարիկ Ներսիսյանի մասնակցությամբ:
«Գետը համայնքում» նախագիծը արդեն ամբողջովին պատրաստ է․ նշված է աշխատանքային ուղղությունները, օրերը, ընթացակարգը։ Ասուլիսին մասնակցում էին կրթահամալիրի տարբեր դասավանդողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր հանդիպում-զրույցի ընթացքում նախագծի ղեկավարների հետ քննարկեցին նախագծի կազմակերպման որոշ դրույքներ՝ հարց ու պատասխանի տեսքով։ Քննարկումներից հետո մասնակից դասավանդողները ներկայացրին նախագծին միանալու իրենց նախնական առաջարկները, որոնք պետք է նախագծային հստակ տեսք ստանան՝ մանրամասն կետերով, փուլերով։ Մի բան պարզ է՝ աշխատանքը սկսելու ենք փոքր խմբերով, առանցքում դեռևս լինելու են Սևանի ավազանն ու ավազան թափվող գետերը, մնացած փուլային, բովանդակային զարգացումները կլինեն ընթացքում։ Ասուլիսը ավարտվեց տոնական շնորհավորանք-հյուրասիրությամբ։ Ակումբից հեռացանք նոր գաղափարներով՝ օրակարգային դարձնելով անհատական նախաձեռնությունները, կապերի հաստատումը, նախագծերը՝ այս մեծ գաղափարը համատեղ ուժերով կյանքի կոչելու համար։ Իսկ օրը տոնական սկսվել, տոնական էլ ավարտվեց․ երեկոյան վայելեցինք գեղեցիկ «Ծննդյան համերգը»։
Հեղինակ՝ լրագրող Դավիթ Առաքելյան։