Արդեն երկրորդ օրն է, ինչ քաղաքում մեկնարկել է թերևս ամենասպասված գրքատոն նախագիծը՝ Yerevan Book Fest Գրքի երևանյան առաջին փառատոնը, որը վաղուց հասունացած ու սպասված անհրաժեշտություն է մշակութային կյանքում։ Եռօրյա միջոցառումների ցանկը, կազմակերպման ձևաչափն ու ժամանակացույցը փառատոնից օրեր առաջ արդեն հասանելի էր առցանց հարթակում։ Նպատակը հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի դարձնելն է, գրող-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը: Փառատոնին մասնակցում է 27 հրատարակչություն: Ի՞նչ էր մնում գրքասերներին և տոնի խորհուրդը կարևորողներին, եթե ոչ մասնակցելն ու կարևորը բաց չթողնելը։
Yerevan Book Fest-ի շրջանակում այսօրվա հետաքրքիր սեմինարներից էր «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի և «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանի վարպետության դասը: Ինֆորմատիվ զրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր թեմաներ․ դիցուք՝ ինչպիսի՞ն պետք է լինի գրող-հրատարակիչ համագործակցությունը, ի՞նչ քայլեր պետք է արվեն դրանք զարգացնելու համար, ինչպիսի՞ դժվարություններ ու նրբություններ կան այդ համատեղ աշխատանքում։ Քննարկվեցին նաև հեղինակային իրավունքին, պետական աջակցության պայմանների և իրավական նորմերին, հետտպագրական PR արշավներին, գովազդային էֆեկտներին, գրահրատարակչական կոմերցիոն տարրերին վերաբերող թեմաները։
Այս վարպետության դասը լավ հնարավորություն էր գրող-հրատարակիչ-ընթերցող-գրական գործակալ քառակողմ հանդիպման և հետաքրքրող, ինչու ոչ, նաև անհանգստացնող հարցերի քննարկման համար։ Ի վերջո, նման փառատոնն ու բաց դասերը արդյունավետ կերպոպով կարող են նպաստել ժամանակակից գրական դաշտի կարևորմանը, առաջընթացին, ինչպես նաև մշակութային կյանքի զարգացումներին։
Հետգրություն՝ անակնկալ նվերը շուտով կգտնի իր՝ ամենասեբաստացի ընթերցող հասցեատերին։
Միջոցառումների ժամանակացույց