Ինչպե՞ս պատմել հետաքրքիր պատմություն
Սովորողները քննարկում են, թե հայաստանյան լսարանի համար որո՞նք են լուր, նորություն, որոնք՝ ոչ (ճիշտ տարբերակներն ընդգծված են):
Հարցեր վերնագրերից յուրաքանչյուրի համար.
- Կարո՞ղ է սա տեղ գտնել հայաստանյան լրատվամիջոցի լուրերի թողարկման մեջ:
- Ի՞նչ նոր բան ենք իմանում այս վերնագրից:
- Որքանո՞վ է սա առնչվում հայաստանցիների հետ:
- Ինչքանո՞վ է դա հետաքրքիր հայաստանյան լսարանին:
- Ինչու՞:
- Ու՞մ է այս լուրը հետաքրքիր:
Վարժություն
Այս վարժությունն աշակերտներին կօգնի հասկանալ լսարանի դերը, թե ինչպես է լուրը փոխվում` կախված լսարանից:
Ապա աշակերտներին բաժանում է 4 խմբի: Խմբերից յուրաքանչյուրը պետք է ներկայացնի նույն իրադարձությունը՝ տարբեր լսարանների համար: Ուսուցիչը խմբերին բաժանում է իրադարձության փաստերի մեկական օրինակ և հանձնարարում`տրված փաստերից օգտվելով կազմել լուր տարբեր լսարանների համար: Պարտադիր չէ օգտագործել ամբողջ ինֆորմացիան. կարող եք ընտրել, թե հատկապես ինչի մասին պատմել ձեր նյութում: Կախված լսարանից խմբերը պիտի ընտրեն նաեւ լուրի լեզուն եւ ոճը` խոսակցական, պաշտոնական եւ այլն:
_____________________________________________________________________
Իրադարձություն` դպրոցական հավաքույթ, որն ավարտվել է ծեծկռտուքով:
Փաստեր`
- Դպրոցում կազմակերպվել է երեկույթ` նվիրված ապրիլի 7-ին: Մասնակցել են 8-10-րդ դասարանների աշակերտները, ուսուցիչները, իսկ տնօրենը գործուղման է եղել: Երեկույթի սեղանին եղել է աղջիկների պատրաստած թխվածքը, միրգ, քաղցրեղեն, հյութեր:
- 8Ա-ն պատրաստել է փոքրիկ բեմադրություն, 9Բ-ն՝ մայրերին նվիրված մի քանի երգ, տասներորդցի տղաները բոլոր աղջիկների համար կակաչներ են գնել: Կակաչների մի մասը կարմիր է եղել, մյուսները` դեղին:
- Լավագույն պարային զույգ մրցույթում հաղթել են 10Գ-ի Արմինեն ու Կարենը, ինտելեկտուալ խաղում հաղթել է 9Ա-ի Նարինեն: Վիճակահանությամբ՝ երեկոյի թագուհի ու թագավոր են ընտրվել ութերորդցի Աննան ու տասներորդցի Նարեկը, ով դպրոցում հայտնի է որպես «գիրք կրծող» «ծակ մաթեմատիկոս»: Նարեկն անցած կիսամյակում բոլոր առարկաներից միայն գերազանց գնահատականներ է ստացել:
- Մրցույթի կանոններով` թագուհին ու թագավորը պետք է միասին պարեն, ինչը դուր չի եկել Արամին: Նա սիրահարված է Աննային ու թույլ չի տա, որ Աննայի հետ որեւէ տղա պարի: Արամն ու նրա ընկերները պարի ընթացքում մոտեցել են Նարեկին ու քաշքշել, տարել մի կողմ: Նարեկի դասարանցիներից երկուսը, ովքեր այդ պահին պատուհանի մոտ զրուցելիս են եղել, մոտեցել են, փորձել պաշտպանել: Տղաների վեճը փոխվել է ծեծկռտուքի, որի հետեւանքով Նարեկի աչքը վնասվել է: Կոտրվել են դպրոցին պատկանող թանկարժեք բարձրախոսները, ինչպես նաեւ Արամի iPhone հեռախոսը: Արդյունքում` Նարեկը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Արամին ու նրա ընկերներին տարել են ոստիկանություն: Հաջորդ օրն Աննան դպրոց չի գնացել: Նրա ընկերուհին` Մարինեն, աղջիկներին պատմել է, թե Նարեկը պարելիս համբուրել է Աննային, Աննան էլ նրան խփել է: Իսկ Արմանն էլ պատմել է, թե Արամի ծնողները պատրաստվում են նրան տեղափոխել ուրիշ դպրոց: Նա վստահ է, որ հենց Արամն է խփել Նարեկին:
Աշակերտներն, ըստ խմբերի, դեպքը պատմում են համապատասխան լսարանին:
Խումբ Ա – պատրաստում է լուր տնօրենի համար` ուսմասվարի անունից:
Խումբ Բ – պատրաստում է լուր բացակա դասընկերների համար` երեխաների անունից:
Խումբ Գ – պատրաստում է լուր ծնողների համար` երեխաների անունից:
Խումբ Դ — լուր դեպքի մասին՝ տեղական լրատվամիջոցով լուրերի թողարկման համար:
Լուրը պատրաստելուց հետո` ամեն խմբից մեկական ներկայացուցիչ կարդում է այն: Ապա համեմատում են լուրերը` ըստ լսարանի, օգտագործված փաստերի, կիրառված լեզվի, աղբյուրների… Ընտրում են հաղթող թիմ, որի գրած լուրը ամենից շատ է համապատասխանում իրենց ներկայացված պահանջներին:
Հարցեր
- Ինչո՞ւ է այս լուրը հետաքրքիր տվյալ լսարանին:
- Ձեր կարծիքով այս լսարանին (բացակա աշակերտներ, ծնողներ, տնօրեն, հեռուստադիտողներ) հատկապես ո՞ր փաստերն են հետաքրքրում եւ ինչո՞ւ:
- Ինչո՞ւ եք օգտագործել այս կամ այն փաստը կամ կարծիքը:
- Որքանո՞վ է լուրի լեզուն/ոճը կախված նրանից, թե ում ես պատմում:
- Նման լուրն արդյո՞ք հետաքրքիր կլիներ, եթե դեպքը պատահած լիներ կողքի դպրոցում/ուրիշ քաղաքում:
- Լսարանում ի՞նչ հարցեր են առաջանում փաստերը կարդալիս: Ի՞նչ փաստեր են պակասում:
Ուսուցիչը ընտրում է մեկ հաղթող լուր, որը կտեղադրվի դասընթացի համար բացվող բլոգում:
Ամփոփում
Ուսուցիչը սովորողների հետ փորձում է ձեւակերպել, թե ինչ է ինֆորմացիան: Հիշում են նաեւ այդ դասին սովորած նոր հասկացությունները, տալիս դրանց բացատրությունները: