Սեբաստացի մի խումբ սովորողներ և ուսուցիչներ այսօր YerevanExpo ցուցահանդեսային համալիրում մասնակցեցին «Շինարարություն և ինտերիեր 2018» 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին։ Սովորողները շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացան մասնակից ընկերությունների ներկայացրած մի շարք ապրանքատեսակներին ու ծառայություններին։ Ցուցահանդեսի ընթացքում սեբաստացիները ակտիվ հարցադրումներով փորձում էին ձեռք բերել տեղեկատվություն՝ կապված տարբեր սարքավորումների և ծառայությունների հետ, իսկ Լրագրողների ակումբի սովորողները կամավոր գովազդում էին տարբեր ընկերությունների արտադրանքը՝ զարգացնելով իրենց՝ վաճառքի, սպասարկման և հաղորդակցական հմտությունները։
Նշենք, որ եռօրյա ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի և արտերկրի շուրջ 120 ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից և այլ երկրներից։ Ցուցահանդեսին այսօր ներկա է եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու այլ բարձրաստիճան այրեր։