Հունիսմեկյան ճամբարային մեր օրը Լրագրողների ակումբում կարևորվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ լրագրողներ Գեղամ Վարդանյանի և Լուսինե Գրիգորյանի հետ ասուլիս-հանդիպումով։ Ասուլիսը հրավիրվեց «Պաշտպանված և իրազեկ երեխա» նախագծի և «Մեդիագրագիտություն նոն—ստոպ» հունիսյան բաց մեդիա ճամբարի նախագծի շրջանակում։ Երեխայի տոնը նշում ենք երեխային, իր որոշումներն ու մոտեցումները, տեսակը կարևորելով, նրա՝ որպես անհատի, որոշումների հետ հաշվի նստելով, ինչպես միշտ։ Մեր դերն է օգնել երեխային իրազեկ և պաշտպանված լինել նաև տեղեկատվական հարթակում, լինել գրագետ մեդիա սպառող, մեդիագրագետ և շարունակ բացահայտել իր կարողություններն ու օժտվածությունը։
Սովորողները հանդիպումից առաջ տեխնոլոգիական գործունեության ժամին պատրաստել էին փոքրիկ կրծքանշաններ, որոնք նվիրեցին հանդիպման մասնակիցներին, իսկ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները սովորողներին նվիրեցին գրիչներ, նոթատետրեր, կենտրոնի պարբերանշանով պիտակներ, ինչը ոգևորիչ էր։ Լրագրող սովորողները նշեցին, որ ստացած նվերները կօգտագործեն լուսաբանումներ կատարելիս։
Հանդիպումը սկսվեց փոքրիկ զրույց-քննարկումով, ապա սովորողները խաղացին կենտրոնի կողմից ստեղծված նոր՝ «Լիտերատուսի արկածները» խաղը, որն, ի դեպ, նախորդ հանդիպման ընթացքում մի փոքր փորձեցին խաղալ, երբ խաղը դեռ չէր թողարկվել կայքում։ Պետք է նշեմ, որ մեր սովորողները մեծ հետաքրքրությամբ են խաղում ոչ միայն նշյալ, այլև մեդիամարտ մյուս խաղերը, որոնք օգնում են օգտակար գիտելիքներ ձեռք բերել։ Խաղից մի կերպ կտրվեցին սովորողները և հանդիպման ընթացքում դիտեցին ուսուցանող-տեղեկատվական հոլովակ, բերեցին իրենց օրինակները և զրուցեցին տարբեր թեմաների շուրջ։ Հանդիպման վերջում ասուլիսը վարող լրագրողները առաջարկեցին խաղ-վարժանք․ սովորողները բաժանվեցին խմբերի և շատ արագ դերային խաղ-բեմադրություն պատրաստեցին «Ոսկե ձկնիկ» հեքիաթի մոտիվներով, ապա քննարկեցին։ Հանդիպումը եղավ արդյունավետ և հետաքրքիր ձևաչափով։
Լուսաբանումը՝ Լիլիթ Մադոյանի