Արդեն երկու օր է, ինչ կրթահամալիրում մեկնարկել է հունիսյան մանկավարժական բաց ճամբարի առաջին փուլը, որին մասնակցում են ինչպես սեբաստացի, այնպես էլ այլ դպրոցներից եկած դասավանդողները։
Հունիսյան մանկավարժական ճամբարը հագեցած է վերապատրաստման դասընթացներով, նախապես ընտրված առանձին մանկավարժական ջոկատների աշխատանքներով։ Ճամբարում գործունեության ուղղությունները բազմաբնույթ են՝ սկսած առարկայական աշխատանքներից, մասնագիտական զարգացման դասընթացներից, բաց ցանցում միասնական ուսումնական նախագծերի մշակումից մինչև մարզական գործունեություն և միասնական մշակութային դաս-պարապմունքներ։
Հունիսյան մանկավարժական ճամբարի աշխատակարգին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ճամբարում վերապատրաստման դասընթացներին և մանկավարժական ջոկատներին՝ այստեղ։ Նշյալ դասընթացներին դասավանդողը մասնակցում է՝ նախապես հայտագրվելով և անհատական աշխատաժամանակում դա ներառելով։
Միջմշակութային հաղորդակցության դասընթացը չէր կարող վրիպել իմ հետաքրքրությունների սահմաններից։ Դասընթացը վարում է կրթահամալիրի անգլերեն լեզվի դասավանդող Յուրա Գանջալյանը։ Դասընթացի ձևաչափը և թեմատիկ ուղղությունները հետաքրքիր են, արդիական, զարգացնող։ Յուրաքանչյուր օր թարմացնում ենք մեր բառապաշարը անգլերեն նոր բառերով ու տերմիններով, խոսակցական և լեզվական հմտություններ ձեռք բերում իրավիճակային խաղ-վարժանքների, զրույցների միջոցով։ Պետք է նշեմ, որ դասընթացը զուտ անգլերեն սովորելու ստանդարտ դասընթաց չէ, այն հագեցած է կառուցողական զրույց-քննարկումներով, միմյանցից սովորելու, միմյանց հետ բանավիճելու, միջմշակութային (բառի լայն ու նեղ իմաստով) հաղորդակցություն իրականացնելու անհրաժեշտ ու առողջ նախապայմաններով։ Երկու դասի ընթացքում ընթերցել և անգլերենով քննարկել ենք Մարդու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանադրական որոշ կետեր (Fundamental Human and Civil Rights and Freedoms), ուսումնասիրել ենք մասնագիտական տերմինների բառարանները, զրուցել Հայաստանում Թավշյա հեղափոխության առաջացման, ընթացքի և հաղթական ավարտի մասին որոշ դրույթներ։
Մանկավարժական ճամբարը իր դասընթացներով բաց հարթակ է ստեղծում տարբեր մասնագիտություն ունեցող ուսուցիչներին՝ ինքնակրթվելու, անհատական և գործընկերային-համագործակցական նախագծեր մշակելու։