«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ». Ո՛չ սերը, ո՛չ ազատությունը հեշտ չի տրվում․․․

IMG_0022Այսօր կրթահամալիրում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որտեղ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Լելա Ճինճարաուլին պատասխանեցին համատեղ գործընկերությանը վերաբերող հարցերին, խոսեցին նոր ու հետաքրքիր նախագծերի մասին՝ ամփոփելով նաև պլեներային շաբաթը։ Հանդիպմանը ներկա էին կրթահամալիրի և Ախալքալաքի՝  Իլիա Ճավճավաձեի անվան դպրոցի մանկավարժներն ու սովորողները։ 

Հիշեցնենք, որ  վերջիններս «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» 2017թ. ծրագրով, Հայաստանում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ դպրոցի տնօրեն Լելա Ճինճարաուլիի ղեկավարությամբ, հունիսի 13-17-ը մասնակցում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Բանգլադեշյան պլեներ» հանրակրթական ստուգատես-փառատոնին: Ասուլիսի ընթացքում ամփոփվեց փառատոնային շաբաթվա համագործակցային նախագծերը և խոսվեց նոր նախագծերի մասին։ Նոր գործընկերություն հաստատելու նպատակով  հունիսի 22-24-ը «Հայ-վրացական կամուրջներ» նախագծով կրթահամալիրի դասավանդողների, սովորողների մի մեծ խումբ հայրենագիտական-կրթամշակութային համատեղ արշավ կիրականացնի Վրաստանի Սամցխե-Ջավախեթիում՝ Ախալքալաքիում, Գանձայում, Կարծախում, Վալեում, Հեշտիայում:

«Երևանյան կյանքում սա թերևս ամենամեծ մշակութային-հանրակրթական միջոցառումն է, Մշակույթի նախարարը հիացած էր,  որ Ջավախքից եկած մանկավարժների, սովորողների այս մեծ խումբը մեր պլեների լիարժեք մասնակիցներն են։ Պլեները երևանյան բաղկացուցիչից բացի ունի նաև իր շարունակական ընթացքը հենց Վրաստանում։ Սա հիանալի նախաձեռնություն է, որովհետև մենք գնում ենք միասին աշխատելու համար, մեր կենցաղը պիտի լինի շատ պարզ, որպեսզի հասցնենք շատ բան տեսնել ու իմանալ։ Իսկ երկրորդ պայմանավորվածության համաձայն՝  «Սևանի ափին․ Վ․ Անանյանի հետքերով» ընթերցողական մեծ նախագիծ կունենանք՝ ստանալով Մշակույթի նախարարության կոնկրետ աջակցությունը,- իր խոսքում նշեց կրթահամալիրի տնօրեն Ա․ Բլեյանը  և հումորով հավելեց, — մենք վրացիների հետ միշտ մշակութային մրցակցության մեջ ենք լինելու, իրենք ունեն Սև ծով, մենք էլ ունենք պլպլան ծովեր․ դեռ կգան ծովից դուրս եկող ու ծով բերող Դիանայի, Արփիի նման նայադները»։

Ասուլիսի երկրորդ հատվածում հնչեցին լրագրող սովորողների կողմից հարցեր՝ կապված հետաքրքիր արշավների կազմակերպման ու նոր գաղափարների հետ, որոնք հետագայում համատեղ նախագծերի հիմք կդառնան։ Ապա վրաց մանկավարժները շնորհակալություն հայտնեցին բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպելու համար՝ նշելով, որ նոր ու հետաքրքիր շատ բաներ սովորեցին և տպավորված վերադառնում են՝ սպասելով  մեր կրթահամալիրի խմբի այցին։

Առիթից օգտվելով՝ իր տպավորությունների մասին կիսվեց նաև տնօրեն Լելա Ճինճարաուլին․  «Ինձ մոտ աստիճանաբար հասունացավ այն միտքը, որ Հայաստանի իշխանությունը շատ բախտավոր է, որ կա այսպիսի դպրոց և նման հետաքրքիր նախաձեռնություններ։ Այստեղ գտնվողները և նրանք, ովքեր ինչ-որ կերպ կապված են այս կրթահամալիրի հետ, մեծ հոգս-պատասխանատվություն են իրենց վրա վերցրել։ Ո՛չ սերը, ո՛չ ազատությունը հեշտ չի տրվում, դա տևական աշխատանք է պահանջում, և այդ ամենը հիմք է նրա, ինչ կատարվում է այստեղ։ Մենք ուղղակի պլեների մասնակիցներ ենք, բայց դրանից բացի, տեսնում ենք, որ այստեղ կյանքը եռում է։ Եվ կարևոր էլ չէ, թե դուք որտեղ կլինեք, կարևորն այն է, որ այս սերը, ոգևորությունը դուք տանում եք ձեզ հետ ուր էլ որ լինեք, — ասած տնօրենն ու հավելեց, — անհամբեր սպասում ենք ձեզ, և կարծում եմ, այս հարաբերությունները սկսվել է և կշարունակվի»։

Նյութը պատրաստեցին լրագրողներ՝ Մարինե Իշխանյանն ու Մանե Մարսեղյանը։

Ֆոտոշարքը՝ Սեբաստացի TV կայքում։

Թողնել մեկնաբանություն