Լրագրողների ամանորյա հարցազրույցը տիար Բլեյանի հետ

 

Տարեմուտի հանդիպում-զրույց կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանի հետ

Զրուցավարներ՝ Լրագրողների ակումբի սովորողներ

Դեկտեմբերի 22

«Եւ ինձ պարտ է գործել զգործս այնորիկ, որ առաքեացն զիս, մինչ աւուր կայ, գայ գիշեր, յորժամ ոչ ոք կարէ գործել մինչդեռ յաշխարհի եմ. լոյս եմ աշխարհի» (Հովհ. Թ 4-5):

Լրագրողների ամանորյա հանդիպում-զրույցը կրթահամալիրի տնօրենի հետ (տեսագրություն 1)

Լրագրողների ակումբի հյուրն է կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանը (տեսագրություն 2)

-Տիար Բլեյան, առաջին հարցը ուզում եմ ես տալ։ Դուք ամեն օր գիր եք գրում, Ձեր ամբողջ օրվա տպավորությունները կարողանու՞մ եք մեկ գրով ամփոփել  և մեզ փոխանցել։

-Ես, Անի ջան, գիր էլ չէ, այլ պատում կասեի։ Հենց այս պահին ինձ ուրախ ու վարձատրված եմ զգում  այս զրույցի, ձեր ստեղծած միջավայրի, ուշադիր հայացքների համար, դրա մեջ հրեղեն մի բան կա։ Ես հիմա ուղղակի պատմում եմ, և մենք իրար հետ զրուցում ենք, նույնը իմ գրերն են։ Առավոտ կանուխ ես պատմում եմ այն, ինչ այդ պահին ուզում եմ ասել, ու՞մ եմ պատմում, ընթերցողին: Հենց պատմում, վերջացնում եմ, ես անգամ դժվարանում եմ ասել, թե ինչի մասին խոսեցի, որովհետև ես պատմեցի, ընթերցողին փոխանցեցի ասելիքս։ Ես պատմում եմ, ես այլևս չեմ գրում, դրա համար այդ պատումը հաճախ փոխանցվում, դառնում է տեսագրություն։ Գրելն ինձ համար ավանդույթ է արդեն դարձել, այդպես հեշտ եմ ասելիքս փոխանցում։

-Նոր տարվա ո՞ր հրաշքին եք դուք ամենաշատը հավատում։

-Հավատում եմ անսպասելիին։ Որքան էլ դու երևակայություն ունենաս, ամեն օր ինչ-որ սպասումներով ապրես, մեկ է, անսպասելին մոգական է։ Այ, օրինակ, ինչքան ես սպասում Անի Արղությանի բլոգային հրաարակումներին, որ ասում ես՝ էս ի՜նչ անսպասելի բան է, էս ի՜նչ պատկեր է, ո՞նց է գրվել․․․ Հավատում եմ էդպիսի չսպասված բաներին, սպասված չսպասված բաներին, համաձայն եք,  չէ՞, ոչ սովորական, արտասովոր, ուրի՜շ, լրիվ այլ աշխարհից եկող հրաշքներին։ Հենց դա էլ Ձմեռ պապու աշխարհը կանվանեի, ընդ որում՝ այդ աշխարհն այնքան գրավիչ է, դու մտածում ես՝ Նոր տարին կսկսես հենց այդ աշխարհի փնտրտուքով։

-Եթե Ամանորին դուք զարդարեիք կրթահամալիրը, ինչպե՞ս կզարդարեիք այն։ 

-Դե, պարզ է, որ տանիքը կհանեի ու լույսերի, աստղերի հարցը լրիվ լուծված կլիներ արդեն, հետո հատակը կհանեի, ջրհորներ կլինեին, կքայլեիր, քեզ կթվար ջրհորների վրայով ես քայլում։ Հետո ձայներ կհնչեին ընդերքից․ Թումանյանն ունի, չէ՞, «Դեպի անհունը», այ, դեպի անհունը ինձ միշտ հետաքրքրել է, էդ ջրհորն էլ սիրում եմ նրա համար, որ նայում ես, ու հատակը չի երևում։ Ռոդարիական է, չէ՞, քարը գցում ես, անընդհատ գնում է ու գնում,  ու դու չես տեսնում, անընդհատ միայն ձայներն ես լսում արտասովոր։

                                            Երազը եկավ-երազը թըռավ…
                                            Կյանքը երազ է, երազն էլ մի կյանք,

                                           Երկուսն էլ անցվոր, երկուսն էլ պատրանք։
                                           Եվ թե հաստատուն մի բան կա անմահ,
                                           Արղյոք իմաստուն հոգին չի՞ միայն.
                                           Որ թե հարթըմնի և թե երազում
                                           Ապրում է, տեսնում, ըզգում ու հուզվում…

                                                            «Դեպի անհունը» Հովհ․ Թումանյան

-Ձեր խոսքում նշեցիք, որ սիրում եք, երբ ամեն ինչ ոչ սովորական է, կպատմե՞ք ամանորյա մի իրադարձություն, որը Ձեզ համար ոչ սովորական էր, հիշարժան։

-Անսովոր նման մի դեպք էր օրինակ՝ տարիներ առաջ մեր Մեղրի գնալը։ Այն օրը, որ պետք է ճանապարհ գնայինք, դրանից մեկ օր առաջ այնպիսի ձյուն էր եկել, սպիտակ փափկություն էր շուրջբոլորը, մենք էլ դեռ այդ ժամանակ Բանգլադեշում էինք ապրում վարձով։ Մեքենա նստեցինք և ուղևորվեցինք Մեղրի։ Շատ հիշարժան օրեր էին․ անծանոթ մարդիկ, անծանոթ իրականություն, բոլորը դարձան ծանոթ, ազատ էինք կապանքներից, հավաքելուց, դնելուց։ Այ, տեսեք, վեց տարի է անցել, բայց այսօրվա պես հիշում եմ Մեղրիի այդ փափուկ, ձյունե աշխարհը, մարդկանց։ Նման տարիներ  էլի են եղել։ Այս Նոր տարին ուզում եմ Գյումրիում անցկացնել։ Պարտադիր չէ, որ այդ փախուստը Հայաստանի սահմաններից դուրս լինի, կարևորը՝ դա այլ, ուրիշ սահման լինի, քեզ տանի ուրիշ աշխարհ, ուրիշ եզերք, ուրիշ մարդիկ․․․

-Տիար Բլեյան, դուք մեր դպրոցի ամենասեբաստացին եք։ Եղե՞լ է դեպք, որ այնպիսի անձրև է եկել, որ դուք վախեցել եք և չեք շարունակել Ձեր ճանապարհը։

-Ընդհանրապես ես արևապաշտ եմ, բայց անձրև էլ եմ  շատ սիրում, երևանցին անձրևապաշտ պետք է լինի, որովհետև շատ չորային է կլիման, պետք է անձրևներ շատ տեղան, որ փոքրիկ լճեր, լողափեր առաջանան, սիրուն աղջիկներն էլ լողազգեստով գային, լողային, մենք էլ հեռադիտակով սիրուն աղջիկներին նայեինք (հումորով)։

-Բոլորն ասում են, որ կրթահամալիրի Ձմեռ պապը դուք եք, Ձեր կարծիքով ո՞վ է Ձմեռ պապը։

-Կարծում եմ, ամեն մարդ ինքն է որոշում, ես, օրինակ, չեմ կարող Ձմեռ պապ չլինել։ Բայց ես շատ սիրով կնայեմ, որ իմ կողքին հայտնվեն նոր Ձմեռ պապիկներ։ Բոլորն ուզում են, որ Ձմեռ պապը իրեն էս բերի, էն բերի, ես դրա հետ համաձայն չեմ։ Ես հավատում եմ էն Ձմեռ պապին, որ ինձ հնարավորություն է տալիս հրաշքներ գործելու։ Որ ես փորձեմ իմ ողջ ուժով հանդես գամ, իմ հնարքներով, հնարամտությամբ, խելքով, շնորհքով։ Ինչի՞ կարիք ունեմ ես, որ չեմ կարող ձեռք բերել, որ պետք է խեղճ Ձմեռ պապը դա անի, երբ որ աշխարհում այդքան կարիքավոր մարդիկ կան։ Կարծում եմ, Ձմեռ պապը ստեղծված է, որ մեզ մղի հրաշքների, մեզ իր օրինակով ցույց տա, թե հրաշագործությունը ինչպիսի պահանջ ունի, լավ չի, չէ՞, երբ մարդիկ շարունակ փնթփնթում են, հոգնած են, նվնվում են, կարծես քեզ էլ, իրենց էլ զրկում են ուժից, հրաշագործ լինելու հնարավորություններից։

-Նոր տարում ինչպիսի՞ փոփոխություններ կցանկանայիք կրթահամալիրի համար։

-Տեսեք, կրթահամալիրում այսքան հնարավորություններ կան հրաշագործության․ կարելի էր կրթահամալիրը յոթերորդ երկինք հանել, համաձայն եք, չէ՞։ Նոր տարին մենք կարող էինք տիեզերքում անել, ոչ թե գետնի վրա։ Շատ վատ ենք մենք օգտագործում հրաշագործի մեր հնարավորությունները։ Դուք խիզախ պետք է լինեք ձեր մտածումների, խնդիրների լուծման հարցում։ Ես ասում էի՝ լավ, որ այսքան մարդիկ սկսեն գործել, նախագծեր մտածել, միջավայր փոխեն, ո՞նց է լինելու իմ վիճակը։ Ա՜յ, այդ ժամանակ ես կդիմեի Ձմեռ պապի օգնությանը, կասեի՝ Ձմե՛ռ պապ, երկու հազար հրաշագործի հետ ինչպե՞ս անեմ, ես ո՞նց նրանց բոլորի տիարը լինեմ։ Բայց հիմա ոչ բոլորն են տրված հնարավորությունները օգտագործում, երբ որ քիթ քորելու ժամանակ անգամ չպետք է լիներ․․․Ես նախընտրում եմ անսովոր բաներ անել, հասնել, օգնել, աջակցել, ինձ համար չկան պատեր, սահմաններ, դռներ, բարձունքներ անհաղթահարելի, չկա հոգնել, չկա ժամ ու ժամանակ։

-Ի՞նչ փոփուխությունների եք սպասում 2018 թվականին։ 

-Ե՞ս, թե՞ դուք։ Ես ձեր փոփոխություններին եմ սպասում։ Գետնից կտրվեք, շատ եք կրկնում ծնողներին, մեծերին, գետնից, գետնի՛ց կտրվեք, ուզում եմ, որ ճախրեք, ողջ ուժով հանդես գաք, խիզախ լինեք, երևակայությունը բաց թողեք, թողեք միտքը սավառնի։ Ձեր մեջ կատարվող այդ փոփոխություններին եմ սպասում։

-Ամանորն առանց ինչի՞ չեք պատկերացնում։

-Դավիթը երեկ նմանատիպ մի հարց տվեց, այնքան պարզ հարցեր են, որ մտածելու տեղիք են տալիս, կարկամել էի․․․առանց Արմինե Թոփչյանի խոստացած նոր կոշիկների։ Այդ կոշիկները ճանապարհին են, ճանապարհ են ընկել, գալիս են։ Ես ճամփորդել, քայլել շատ եմ սիրում, դրա համար ձմեռային ճամփորդության համար սպասում եմ այդ նախանձելի կոշիկներին։ Առանց դրա ես չեմ պատկերացնում Նոր տարին, ուշ ու միտքս էդ կոշկներն են։ Իմանամ՝ ո՞ր կողմից են գալիս, գնամ ընդառաջ, որովհետև շատ կարևոր է, որ կոշիկները հուսալի լինեն, չեմ ասում տաք լինեն, այլ հուսալի լինեն, քեզ հետ լինեն, ճանապարհից չշեղեն քեզ։

-Իսկ տոները նշելու համակրթահամալիրյան, համաբանգլադեշյան ինչ-որ քայլեր արվա՞ծ են, որոնք լավ համակարգված են։

-Բանգլադեշյանը ես լավ չեմ պատկերացնում, այ, եթե կրթահամալիրի նման Բանգլադեշը բաղկացած լիներ նման անկյուններից, որտեղ ընտանիքներով կամ տարբեր խմբերով կարող էին գալ, տնից դուրս գալ, փախչել, ուրիշ կլիներ։ Փախուստի հնարավորությունը կարևոր բան է, որովհետև կարող ես հոգնել, ի վերջո։ Եվ պետք է լինի մի տեղ, որտեղ կարող ես գնալ, ուր քեզ սպասում են կամ չեն սպասում, կարևոր չէ, կարևորը՝ քո սիրելի մարդկանց հետ լինես։

Ամբողջ դեկտեմբերը պայմանականորեն ելումուտի ամիս անվանեցինք։ Դա լավ անուն է, ամիսը դրա համար է տրված, որ նոր ու բազմաբնույթ ամանորյա նախագծերով հին տարվանից փախուստն ու նորի դիմավորումը կազմակերպվեր։ Այս տարի շատ էինք ուզում թոնիր, խնոցի ունենալ, ագարակում սեփական ալյուրով ուզում էինք հաց թխել, այդ արդար հացը կիսել ընկերների հետ, և երկրորդ բանը, որ կուզենայի դրանից հետո լիներ, փախուստն է Գյումրի։ Դրանից հետո ես ինձ էլ չեմ պատկերացնում Երևանում, այ, որ հիշում եմ որևէ սեղան, որ դուռը կզանգեն, կգան շնոհավորելու, Դավիթի ասած ՝ ա՜հ, ուշքս գնում է։ Այո, դրան անվանեք փախուստ։ Ուզում եմ Երևանից փախչել։ Քանի որ դա իրական փախուստ է, ես ընտրել եմ Գյումրի ճանապարհը։

-Ամեն տարի մարդիկ Ձմեռ պապիկից ինչ-որ նվերներ են ուզում, իսկ դուք ասում եք, որ Ձմեռ պապը ամեն մեկի մեջ է, լինու՞մ է, որ Ձեր ներսի Ձմեռ պապը ինչ-որ բան է ասում, և դուք այդ ուղղությամբ եք շարժվում։

-Իմ մեջ եղած Ձմեռ պապը անպայման ստեղծագործ է, նա ուզող չի, նա, եթե ուզում եք իմանալ,  բաշխող էլ չի, լավ չէ, որ ուզում ես Ձմեռ պապի նման լինել։ Ես ձեզ ասեմ, կա մի մեծ, շատ մեծ ու չօգտագործված հարստություն, դա մենք ենք, մեր ներքինն է, դրան մեկ բառով «ներաշխարհ» են ասում։ Մենք այդպես էլ մեր ներաշխարհը չենք սպառում, պատկերացնու՞մ եք, թե ինչ վտանգավոր բան է դա․ Թումանյանն ասում է,  չէ՞,  «Էլ աշխարհ չեմ գալու հո նոր, Իր տվածն եմ տալիս իրեն» (Տե՛ս «Իմ երգը»

 Հիմա դուք նայեք  արարչագործություն ասվածին։ Աստված ստեղծել, մեր մեջ է դրել  էդպիսի մեծ հնարավորություններ, համաձա՞յն եք, որ մենք փոխարեն մեր ներաշխարհից պեղենք, հանենք, մեզ հասկանանք, ճանաչենք կարգին, ինքնաճանաչման ճանապարհին նաև Աստծուն հանդիպենք՝ մեր միտքը ուրիշ տեղ է, ուրիշն է, Ձմեռ պապուց, իշխանությունից, սրանից-նրանից ուզելն է։ Ձեզ պե՞տք է դա, վտանգավոր բան է, դրա համար կենտրոնացում է պետք այդ ներաշխարհի, քեզ տրված հնարավորությունների վրա, այ, ես դրան կանվանեի Նոր տարի։ Նոր տարին պետք է տա հնարավորություն՝  բացահայտելու նոր խորքեր, եզերքներ, որտեղ ինչեր ասես կտեսնես, ի՜նչ հանածոներ, հանքեր, ո՞վ գիտե։

-Ձեզ համար Նոր տարին մեծ տո՞ն է, որին սպասում եք, թե՞ սովորական մի տոն։

-Մեկ-մեկ աստիճաններով բարձրանալիս լոնքել եմ սիրում, այ, ես Նոր տարվան անընդհատ ուզում եմ լոնքել։ Սպասման նման մի բան կա, այդ սպասման մեջ ծուլություն կա, ես այդ ծուլությունը տանել չեմ կարողանում, հակառակը՝ թվում է, թե Նոր տարին պիտի խթանի, նոր գործողությունների մղի, բայց չէ, ասում ենք՝ սպասենք Նոր տարվան։ Ես սպասել, հուսալ բայերը չեմ կարողանում հասկանալ։ Սպասման ժամանակ չպետք է ունենաս․ այնքան կլանված պետք է լինես քո սիրելի գործով, աշխատանքով, որ սպասելու, համբերելու խնդիր չլինի։ Այլապես անհրաժեշ չափով կլանված չես, համակված չես, որովհետև ստեղծագործությունը սիրում է այդ համակվածությունը։ Գուցե Նոր տարվա մեջ հուսալու, սպասելու ինչ-որ բաներ կան, բայց Նոր տարին պետք է մի այլ բան իր հետ բերի՝ թարմացում, ու պետք է ամեն օր զգաք այդ թարմացումը, զգու՞մ եք թարմ մի բան, որ գալիս, համակում է քեզ, այ, դա կլինի Նոր տարի։

                                               ․․․Գիշերվա վերջին պահերուն լռին
                                               Ձայներն ու լույսեր հանկարծ կը մարին.
                                               Եվ բեհեզներովն կապույտ կամարին
                                              Պճնված աշխարհ կու գա նոր տարին:
                                                                                       Միսաք Մեծարենց

 

Սղագրում-խմբագրում-մոնտաժը՝ Լիլիթ Մադոյանի
 
Նկարահանումը՝ Լուսինե Ներսիսյանի
Հանդիպում-զրույցին մասնակից սովորողներ
 
Լրագրողների ակումբից՝
Այլ սովորողներ՝
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s